Կարճատև աշխատանքային այցով Աբխազիա է ժամանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ պատվիրակության կազմում է նաև ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի Աբխազիայի հետ զարգացնել հարաբերությունները և տնտեսական, և անվտանգության  ոլորտներում: Մեդվեդևը խորհրդանշական է որակել իր այցը Աբխազիա օգոստոսի 8-ին: «Ուղիղ երկու տարի առաջ Հարավային Օսիայում տեղի ունեցան հայտնի ծանր իրադարձությունները, որոնք մեկնարկ տվեցին մի շարք քաղաքական գործընթացների, այդ թվում Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը որպես միջազգային իրավունքի ինքնուրույն  սուբյեկտների»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

Նշենք, որ սա Աբխազիայի անկախացումից ի վեր ռուսական պետության ղեկավարի առաջին այցն է այդ հանրապետություն: Այցի շրջանակում Մեդվեդևն ու Սերդյուկովը հանդիպել են նաև ռուսաստանցի զինվորականների հետ: Սերդյուկովը վստահեցրել է, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչության Աբխազիայում գտնվող սանատորիաները կվերականգնվեն և նախկինի նման կաշխատեն: