Ստամբուլում լույս տեսնող՝ աշխարհի ամենահին հայկական «Ժամանակ» օրաթերթը ֆինանսավորվում է տեղադրվող հայտարարությունների միջոցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ նշելով, որ թերթի հիմնական խնդիրներից մեկն էլ հենց ֆինանսավորումն է:

«Լուրջ տնտեսական մարտահրավերներ են մեր առջեւ կանգնած: Մենք շատ սահմանափակ հնարավորություններ ունենք ապագա կադրեր պատրաստելու համար: Մեզ առհասարակ ոչ մի կուսակցություն չի սատարում, ժողովրդական թերթ ենք. մեզ մոտ տարբեր ժամանակներում ամենատարբեր աշխարհայացքներով մարդիկ են գրել»,- ասաց նա:

Գոչունյանի խոսքով՝ իրենց առավելություններն այն է, որ 110 տարվա պատմություն ունեն:

«Աշխարհի ամենահին հայկական օրաթերթի Ստամբուլում գտնվելն ինքնին ողջունելի է»,- ավելացրեց նա: