ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության` միջուկային խնդրի կարգավորման նպատակով: Նա ընդգծել է, որ Իրանի պաշտոնատար այրերը գիտեն այդ հարցում իրենց պարտավորությունների մասին: «Նրանք իրենց հայտարարություններով եւ գործողություններով պետք է բացահայտորեն ցուցադրեն իրենց միջուկային ծրագրի նպատակները, որպեսզի միջազգային հանրությանը ձերբազատեն անհանգստությունից»,-հայտարարել է Քլինթոնը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մի քանի օր առաջ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային բանակցություններ վարել այդ հարցի շուրջ, սակայն դրանք պետք է ընթանան լրատվամիջոցների մասնակցությամբ: Ահամադինեժադն ընդգծել է, որ սեպտեմբերին ինքը կայցելի ԱՄՆ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով: «Եթե նախագահ Օբաման համաձայնի, մենք կզրուցենք լրատվամիջոցների ներկայությամբ, եւ կպարզենք, թե աշխարհը կառավարելու ո՞ւմ մարտավարությունն է ավելի լավը»,-ասել է Ահմադինեժադը:



























