Օգոստոսի 8-ին Լոս Անջելեսում կայացել է հայտնի երգիչ Ռոբբի Ուիլյամսի եւ ամերիկացի դերասանուհի, ազգությամբ թուրք Աիդա Ֆիլդի հարսանիքը: Հաղորդում է News of the world-ը:

Հարսանիքի արարողությունը երկար սպասված էր 31-ամյա Աիդայի համար. Նա  վերջնագիր է ներկայացրել 36-ամյա երգչին. «Կա'մ` հիմա, կա'մ` երբեք»: Ի թիվս այլ խոստումների, Ուիլյամսը խոստացել է կնոջը` թողնել ծխելը: Սա իսկական նվեր է եղել Աիդայի համար, քանի որ Ռոբբին օրական 600 գլանակ էր ծխում, իսկ հիմա այդ թիվը հասցրել է 10-ի: Ուիլյամսը նաեւ ասել է, որ ընդհանրապես թողնելու է ծխելը, որպեսզի իրենք առողջ երեխաներ ունենան: Հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ 2009-ի նոյեմբերին Ռոբբին Սիդնեյի ռադիոյի ուղիղ եթերում իր սիրտն ու ձեռքն է առաջարկել իր կյանքի ապագա ուղեկցին, սակայն հետագայում ասել է, որ դա կատակ էր: Դա առաջ է բերել երգչի երկրպագուների դժգոհությունը:

Դեռեւս հունվարին լրատվամիջոցները նշում էին, որ սիրահար զույգի ամուսնությունը կայանալու է Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին, Սանտա Բարբարայում:

Ռոբբի Ուիլյամսը համարվում է աշխարհում ամենահայտնի բրիտանացի երգիչներից մեկը: Նա իր կարիերան սկսել է 1990-ին, Take That խմբի կազմում: 1995-ին Ուիլյամսը հեռացել է խմբից եւ հանդես եկել որպես մենակատար: Ներկայումս երգչի ալբոմների վաճառքն անցնում է 55 միլիոնից: Միայն Մեծ Բրիտանիայում վաճառվել է 16,2 միլիոն սկավառակ:

Նախկինում երգիչը հանդիպել է դերասանուհի Քեմերոն Դիասի, երգչուհի Ջերի Հոլիուելի (Spice Girls խմբի անդամներից մեկն է), ինչպես նաեւ Ռոդ Ստյուարտի նախկին կնոջ` Ռեյչել Հանթերի հետ: Հաղորդում է Newsru.com-ը: