«S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ առաջադրված մեղադրանքը խստացվել է։ Մարիամին ի սկզբանե մեղադրում էին զրպարտության մեջ, իսկ այժմ՝ սուտ մատնության։
«Գնացի, որոշումը վերցրի, եւ, ըստ այդ որոշման՝ ոչ թե զրպարտության, այլ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ (Սուտ մատնություն) մեջ եմ մեղադրվում։ Այսինքն, ստացվում է՝ ես եմ դրդել այդ աղջկան, որ ինքը ստի: Այդ ամենը կանխամտածված եմ արել, շահադիտական դրդումներ եմ ունեցել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մարիամ Սուխուդյանը։
Հիշեցնենք, որ ակտիվիստին օգոստոսի 15-ին հրավիրվել էին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` ցուցմունք տալու:
Իսկ այս ողջ պատմությունը սկսվեց, երբ 2008թ. նոյեմբերի 13-ին «Հայլուրը» ռեպորտաժ էր պատրաստել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկի մասին, ով պատմում էր ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին:
Մարիամը, մեկնաբանելով կատարվածը, նշեց. «Ես համոզված եմ, որ միայն այդ դպրոցում չի, բազմաթիվ այդ տեսակ դպրոցներում տարբեր ձեւերով օգտագործում են երեխաներին։ Բացել է պետք այդ նեխած համակարգի դռները»:
Նշենք, որ վաղը, ժամը 15-ին ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց՝ Մովսես Խորենացի 162 հասցեում, բողոքի ակցիա է կայանալու ընդդեմ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի:



















