ՌԴ օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովը առաջարկում է Ռոմանովների ընտանիքի ժառանգներին Եվրոպայից վերադառնալ Ռուսաստան եւ բնակվել Սանկտ Պետերբուրգի դատարկ մնացած պալատներից մեկում կամ Ղրիմում, գրում է «Իզվեստիա»-ն։

Նրա կարծիքով դա կդառնա Ռուսաստանի ժողովուրդների հոգեւոր հզորության վերածնության խորհրդանիշը։

Պատգամավորը նշել է, որ ցարական ընտանիքի անդամները կարող են մասնակցել նաեւ եվրոպական թագավորական ընտանիքների հանդիսավոր միջոցառումներին։ Ռոմանովների ռուսական կայսերական տան քարտուղարության ղեկավար Ալեքսանդր Զակատովը հայտարարել է, որ իշխանուհի Մարիան պատրաստ է վերադառնալ Ռուսաստան, սակայն այդ վերադարձը պետք է արժանապատիվ լինի։ Ռոմանովները ցանկանում են զերծ մնալ քաղաքական սպեկուլյացիաներից, որոնց մեջ ցարական ընտանիքը  կարող է հայտնվել միապետականների կամ ընդդիմադիրների կողմից։