Հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելու ժամանակ տեղի ունեցած բախումների դեպքով քրեական գործ է հարուցվելու: NEWS.am-ի տեղեկություններով՝  այս անգամ բերման ենթարկվածները վարչական իրավախախտմամբ չեն պրծնի: Առաջիկայում հարուցվելու է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով, որով անցնելու են բերման ենթարկվածները (ֆոտոռեպորտաժ):

Նստացույցը ցրելու ժամանակ բերման է ենթարկվել 237 հոգի, որոնց մի մասն էլ կընդգրկվեն գործի շրջանակներում որպես մեղադրյալ: Նրանք դեռ գտնվում են ոստիկանական բաժիններում, հայտնի չէ՝ երբ վերջիններիս ազատ կարձակեն:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, news.am-ի և panarmenian.net-ի լրագրողները:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: