Բերման ենթարկվածներ կան Երեւանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ):
Նա մասնավորապես, նշել է. «Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գեւորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լեւոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գեւորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ:
Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չհաջողվեց, որովհետեւ իմ այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից:
Ինձ ասացին, որ հարուցված է քրեական գործ՝ Խուլիգանության հատկանիշներով եւ բոլոր բերման ենթարկվածները անցնում են այդ գործով: Ասացին նաեւ, որ բերման ենթարկվածների հետագա կարգավիճակը առաջիկա ժամերին կճշտվի:
Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց»:
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի eu panarmenian.net-ի լրագրողները: Ծեծի են ենթարկվել նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Դավթյանն ու օպերատորԽաչատուր Եսայանը, 1in.am-ի երեք օպերատորները:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























