ՀՀ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը պատրաստ է քննարկել ցուցարարների շուրջ տիրող իրավիճակը։ Այս մասին նա հայտարարել է հունիսի 23-ին մեկնարկած խորհրդարանի նիստում։

«Խնդրում եմ հարցը չքննարկել դահլիճում, օրակարգում այն չկա։ Բայց ընդմիջման ժամանակ բոլոր հետաքրքրվողները կարող են այդ հարցը քննարկել, եւ ես պատրաստ եմ մասնակցել այդ քննարկմանը»,- հայտարարեց Սահակյանը։ «Այդ դեպքում խնդրում եմ Ձեզ հավաքել բոլոր խմբակցությունների պատասխանատու անձանց եւ լսել նրանց»,- իր հերթին նշեց ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը։ «Ոչ միայն խմբակցությունների ղեկավարներին, այլ նաեւ բոլոր այն պատգամավորներին ովքեր ասելու բան ունեն»,- հավելեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի լուսաբացին ՀՀ Ոստիկանությունը ցրել էր Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի նստացույցը։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամը 5։20-ին բարձրախոսով հայտարարել էր, թե նստացույցի մանսակիցների գործողություններն ապօրինի են, եւ սպառնում է ուժ կիրառել։ Նա հորդորել էր ցուցարարներին վերադառնալ Ազատության հրապարակ։ Նա նաեւ լրագրողներին հորդորել էր հեռանալ եւ չխոչընդոտել իրենց գործողություններին։

Ժամը 5։25-ի սահմաններում ոստիկանները սկսեցին ուժ կիրառել՝  ցուցարարների դեմ գործի դնելով ջրցանները։ Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Ոստիկանները Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ էին բերել, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։