Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցություններում տնտեսական բաժինը բացառել, թերեւս, պետք չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:
Նա հիշեցրեց, որ 2015 թվականի մայիսի 19-ին Եվրահանձնաժողովը ԵՄ-ի Խորհրդի համար երաշխավորություններ է ընդունել՝ նպատակ ունենալով բանակցություններ սկսել նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, որը փոխարինելու է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ավելի սերտ ասոցացմանն ուղղված նախկին ջանքերին:
«Մինչ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը շարունակում է ցնցման ալիքներ առաջացնել ԵՄ անդամ մի շարք պետություններում, վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ ինքնավերլուծության եւ ազգային շահերի պոտենցիալ վերաուղղորդման գործընթացն ավարտվել է»,- ընդգծեց Գյունտեր Վալցենբախը: Վերլուծաբանի խոսքով, բանակցությունների հեռանկարային գործընկերները «երկկողմ հետաքրքրությունների բոլոր ոլորտներում» համագործակցությանը հավատարմություն են արտահայտել:




























