Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով այսօր՝ հունիսի 25-ին, կկայանա հերթական դատական նիստը, որի ժամանակ կսկսեն հետազոտել ապացույցները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հետ զրույցում ասաց Խաչատուր Խաչատրյանի փաստաբան Կարեն Թումանյանը:
Դատական նիստին հրավիրվել են նաեւ վկաները, այդ թվում՝ գումար տվողը, նրա կինը եւ այլք: Փաստաբանն ասաց, որ իրենց նպատակն է հասնել նրան, որ արարքը վերաորակվի, դատավորը պատասխան տա նրա համար, ինչ արել է, իսկ դա, ըստ իրենց, խարդախությունն է:
Գործը քննվում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ: Առաջին մի քանի նիստերը հետաձգվում էին տարբեր պատճառներով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ, որը բավարարվել է: Դատավորը կալանավորված է:





























