Ֆրանսիան անընդունելի է համարում իր դեմ արտասահմանյան հետախուզական ծառայությունների գործունեությունը եւ չի հանդուրժի իր անվտանգության դեմ որեւէ ոտնձգություն։ Այս հայտարարությունը տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո։
«Ֆրանսիան չի հանդուրժի ոչ մի գործողություն, որը սպառնալիքի տակ է դնում իր անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիայի նախագահին գաղտնալսելու շուրջ սկանդալը ծագել էր հունիսի 23-ի երեկոյան՝ լրագրողական հետաքննության հրապարակումից հետո։ Wikileaks-ի հետ համատեղ՝ Liberation թերթը եւ Mediapart կայքը տեղեկություններ էր տարածել, որոնց համաձայն՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2006-2012թթ. ընթացքում գաղտնալսել է 3 ֆրանսիացի նախագահների՝ Ժակ Շիրակի, Նիոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցները եւ էլեկտրոնային նամակագրությունը։





























