Հունիսի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ ԼՀ փոխվարչապետ, ԼՀ էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչինսկու հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական տնտեսական համագործակցության խնդիրների լայն շրջանակ: Փոխվարչապետ Պիխոչինսկին նշեց, որ Լեհաստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա կարծիք հայտնեց, որ, չնայած երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աշխուժացման դրական տեմպերին, դրանք դեռեւս հեռու են բավարար համարվելուց եւ չեն համապատասխանում առկա ներուժին՝ կարեւորելով հատկապես զբոսաշրջության ոլորտը, քանի որ Հայաստանի հարուստ պատմական ժառանգությունը մեծ գրավչություն է պարունակում լեհ զբոսաշրջիկների համար: Որպես համագործակցության այլ կարեւոր ուղղություններ նշվեց նաեւ տարբեր ոլորտներում համատեղ ձեռնարկությունների հիմնումը:
Իր հերթին դեսպան Ղազարյանը առաջարկեց որպես համագործակցության կարեւոր ուղղություն դիտարկել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաները ոլորտը, որը ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեհաստանում զարգանում է բավականին արագ տեմպերով:
ՀՀ դեսպանը փոխվարչապետի ուշադրությունը հրավիրեց այն կարեւոր հանգամանքի վրա, որ 2015 թվականի հունվարի 2-ից Եվրասիական Տնտեսական Միության անդամակցությունը նոր հնարավորություններ է ընձեռնում լեհական ընկերությունների համար Հայաստանում ներդրումներ կատարելու առումով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր:





























