Նպատակ ունենք հայ-վրացական համաժողովը մշտական դարձնել եւ, ինչու ոչ, ժամանակի ընթացքում երկկողմ ձեւաչափը վերածել տարածաշրջանայինի՝ իրավական այդ հարթակի աշխատանքներում ներգրավելով նաեւ այլ երկրների: Այս մասին իրավական համագործակցության հայ-վրացական համաժողովի շրջանակում հունիսի 25-ին կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նրա խոսքով, հայ-վրացական այս համաժողովն ինքնատիպ է, քանի որ առաջին անգամ անցկացվում է երկոր երկրների համապատասխան նախարարությունների մասնագետների մակարդակով:

«Ըստ էության, բարեփոխումների հիմնական ուղղություններն ու թեմաները վերաբերում են միանման խնդիրների: Մենք բարեփոխումներ ենք իրականացնում միեւնույն ուղղություններով, այն է՝ հասարակական ծառայություններ, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն եւ կոնկրետ գործողություններ, ինչպես նաեւ դատական համակարգի անկախության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներ»,- հավելեց Հովհաննես Մանուկյանը:

Ըստ նախարարի, համաժողովը կարեւոր է ոչ միայն իրավաբանների հավաքի առումով, այլեւ, հաշվի առնելով գործընկեր հարեւանի՝ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների կարեւորությունը, նման միջոցառումները շատ կարեւոր են նաեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: