Իշխանությունը բացառիկ իրավիճակում է հայտնվել և մնացել միայնակ։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողներին ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

«Եթե իշխանությունը մի քիչ իմաստուն գտնվի, ապա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը կկասեցնի, քանի որ այս պայքարը կարող է այնքան աճել, որ խարխլի իշխանության հիմքը»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ շատ լավ է, երբ էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ բողոքողները չեն կառավարվում քաղաքական ուժերի կողմից և զերծ են մնում վերահսկվելուց։

«Այստեղ չկա միջնորդ օղակ, որը քաղաքական հաշվարկներ է անում, և քաղաքացիների ու իշխանությունների միջև երկխոսությունը տեղի է ունենում հասարակության ու իշխանության  միջև։ Կարծում եմ, որ Բաղրամյանում պայքարողներին հեշտ չի լինելու հեռացնել այնտեղից»,-ասաց նա։

Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ երկրում իրականացվել է թալան ՀԷՑ-ի և դրան աջակցող մի խումբ պաշտոնյաների կողմից և այժմ թալանի ամբողջ բեռը դրվում է ժողովրդի վրա ։

«ՀԷՑ-ում 106 միլիարդ դրամի ներդրում է եղել՝ կապիտալ նորոգումների, տարբեր նպատակներ իրագործելու համար, բայց ոչ մի բան էլ չի փոխվել այնտեղ։ Հիմա այն ողբալի վիճակում է, և նրանք մտածում են այդ վիճակից փրկվելու համար ժողովրդից գումար գանձել»,-ասաց նա։

 ՎՍԴՀԿ ատենապետի խոսքով՝ քանի դեռ Հայաստանում հանցագործության համար որևէ մեկը չի պատժվում, քաղաքացիական բողոքները շարունակական կլինեն։