Բաղրամյան պողոտայում այսօր՝ հունիսի 26-ի առավոտյան հոսանքի թանկացման դեմ արդեն 4-րդ օրն անընդմեջ նստացույց հայտարարած ակտիվիստները թիմերի բաժանվեցին ու սկսեցին «գործնագործ» խաղալ:
Նույն պահին, մյուս ցուցարարենրը ակտիվորեն աջակցում էին խաղացող թիմերին, մի մասը թեյ, սուրճ ու գաթաներ էր բաժանում գիշերը պողոտայում լուսացրածներին:
Ակտիվիստները ներկաներին տեղեկացրին, որ «Սանիտեք» ընկերությունը հրաժարվում է գալ ու նստացույցի վայրից տանել աղբը: Հիշեցնենք, որ նախորդ օրերին առավոտյան «Սանիտեք»-ի աղբատար մեքենան գալիս տանում էր ցուցարարների կողմից տոպրակների մեջ հավաքած աղբը: Սակայն այսօր ընկերությունը հրաժարվել է աղբատար ուղարկել, նշելով, որ քաղաքի սանմաքրման աշխատանքները կաթվածահար են լինում Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցի պատճառով:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, լուսաբացն այսօր ցուցարարներն սկսել են Հայաստանի օրհներգով եւ Տերունական աղոթքով: Մինչ այդ ոջ գիշեր մի քանի հարյուր ցուցարարները երգել, զրուցել են, քնել պողոտայում կամ հարակից տարածքում։ Շատերն էլ մաքրել են տարածքը։ Նախաձեռնող խմբի ներկայացուցիչների խոսքով, պողոտայում գիշերը լուսացրել են գրեթե հազար ցուցարարներ։
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի




























