Երեւանի կենդանաբանական այգում 28-ամյա Մանուկ անունով գետաձիուն քնեցնելու «խելամիտ» որոշում են կայացրել: Այս մասին նշված է կենդանաբանական այգու կայքում: Գետաձին Երեւան է բերվել 1987 թվականին, 2 տարեկան հասակում:
Նման որոշման պատճառը ատամների հետ կապված խնդիրն է: Մանուկը վերջին տարիներին բուժում է ստանում, որի շնորհիվ հնարավոր է եղել երկարաձգել նրա կյանքը:
Թեեւ համարվում է, որ գետաձիերի կյանքի տեւողությունը կարող է հասնել 40 տարու, հայտնի է նաեւ, որ այս կենդանիները երկար կյանք չեն կարող ունենալ սեղանատամների քայքայումից հետո։
«Մանուկը վերջին տարիներին պարբերաբար բուժում է ստացել. մեր կենդանաբույժների հետեւողական եւ հոգատար վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձավ կենդանու կյանքը երկարացնել եւս մի քանի տարով։ Սակայն վերջին օրերին գետաձին շատ թույլ է, հրաժարվում է սնունդ ընդունել. ծերացած օրգանիզմն այլեւս չի պայքարում հիվանդության դեմ։ Օրերս Մանուկ գետաձին էֆթանազիայի կենթարկվի՝ համաձայն Կենդանաբանական այգիների եւ ակվարիումների եվրոպական ասոցիացիայի համապատասխան կանոնակարգի։
Մանուկ գետաձին մեր կենդանաբանական այգու ամենահին բնակիչներից մեկն է. Երեւան է բերվել 1989-ին՝ 2 տարեկան հասակում, Նիկոլաեւի կենդանաբանական այգուց:
Հայտնի է այս կենդանիների 2 տեսակ՝ Սովորական գետաձի (Hippopotamus amphibious) եւ Լիբերիական կամ թզուկ գետաձի (Choeropsisliberiensis): Երեւանի կենդանաբանական այգու գետաձիերը Սովորական գետաձիեր են: Այս տեսակը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցանկում՝ «խոցելի» կարգավիճակով»,-ասված է հաղորդագրությունում:





























