Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ կենդանի պատ կազմած մի քանի պատգամավորներ քիչ առաջ հանդիպել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Հանդիպումից հետո Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ոստիկանապետի հետ զրույցում Գասպարյանը կոչ է արել, որ պատգամավորը գնա, Մաշտոցի պողոտան փակողներին ասի, որ բացեն երթեւեկությունը։ Ըստ Հովհաննես Մարգարյանի, ոստիկանապետը երդվել է անգամ, որ ոստիկանությունը ուժով չի բացելու Բաղրամյան պողոտան։ 

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանապետը խիստ զայրացած բղավում էր պատգամավորի վրա, սթափվելու կոչեր անում, իսկ Հունան Պողոսյանն էլ հայտարարել էր, թե հավաքի մասնակիցներից մեկի մոտ զենք են գտել։

Այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված է, անջատվեց, ապա նորից միացվեց պողոտայի լուսավորությունը։ Մաշտոցի պողոտան բացվել է։

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին առաջարկել է աուդիտ իրականացնել Հայաստանի բաշխիչ ցանցերում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: