Բաղրամյան պողոտայում հունիսի 27-ին, առավոտյան ժամը 5։30-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է (ֆոտոռեպորտաժ)։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ողջ գիշեր ցուցարարները երգել, զրուցել են, քնել պողոտայում կամ հարակից տարածքում։ Շատերն այժմ մաքրություն են անում։
Վերջին օրերին ձեւավորված ավանդույթի համաձայն, առավոտը սկսում են աղոթքով, մարմնամարզությամբ։ Այս գիշերը պողոտայում ավելի շատ մարդիկ են լուսացրել, քան նախորդ օրերին։ Հստակ թիվն առայժմ չկա, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է։
Կեսգիշերվա ակտիվությունից հետո այժմ որեւէ շարժ չի նկատվում նաեւ ոստիկանության շարքերում։ Թեեւ գիշերվա ընթացքում մի խումբ ոստիկաններ՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, պարբերաբար շրջում էին Բաղրամյան պողոտայի կամ հարակից փողոցների շրջանում։ Իսկ լույս բացվելուց հետո բարձրաստիճան ոստիկաններից միայն նկատվել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։
Այս գիշեր եւս քաղաքական մի քանի գործիչներ, շոուբիզնեսի աստղեր էին եկել եւ կենդանի պատ կազմել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։
Հունիսի 27-ինԱյսօր նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին առաջարկել է աուդիտ իրականացնել Հայաստանի բաշխիչ ցանցերում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:





























