ՄԱԿ-ում Բուրունդիի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի կոչերին՝ հետաձգել ընտրությունները, դրանք տեղի կունենան նախատեսված օրը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել Բուրունդիի իշխանություններին հետաձգել ընտրությունները՝ կապված երկրի նախագահ Պիեռ Նկուրունզիզայի դեմ ուղղված զանգվածային բողոքի ցույցերի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա պատրաստվում է նախագահի պաշտոնի համար առաջադրվել 3-րդ անգամ: Ընդդիմությունը պնդում է, որ դա սահմանադրության ուղղակի խախտում է, որտեղ նշված է, որ երկրի նախագահի պաշտոնը կարելի է զբաղեցնել միայն երկու ժամկետով: Դրա հետ կապված ընդդիմությունը բոյկոտում է ընտրությունները, սակայն Նկուրունզիզան հայտարարում է, որ առաջին անգամ նախագահ է ընտրվել խորհրդարանի կողմից, իսկ դա նշանակում է, որ դրանից հետո երկու անգամ իրավունք ունի նախագահ ընտրվել համաժողովրդական քվեարկությամբ:

Բուրունդիում հունիսի 29-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որից հետո հուլիսի սկզբին հերթը կհասնի  նախագահական ընտրություններին: