ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում դրված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը։ Այս մասին Turan գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Երկու նախագահներն էլ նշել են, որ ցանկանում են հանդիպել, նրանք համաձայնվել են ավելի ինտենսիվ դարձնել երկխոսությունը, եւ մենք պետք է օգնենք նրանց այդ հարցում։ Այնպես անենք, որպեսզի ապագա հանդիպումը արդյունավետ լինի»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ միջնորդության տարիներին ինքն հասկացել է, որ ամենագլխավորն այն է, որ հաղթողներ եւ պարտվողներ չպիտի լինեն։ Պետք է լինեն 2 հաթող. «Ես հավատում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը այն խնդիրն է, որտեղ հնարավոր է գտնել այն լուծումը, որը կծառայի Հայաստանի եւ Ադրբեջանի շահերին»։
Պատասխանելով մի քանի տարի առաջ Վաշինգթոնում հակամարտության կարգավորման շուրջ իր արած առաջարկների մասին հարցին՝ Ուորլիքը նշեց, որ ինքը շարադրել է սկզբունքներն ու տարրերը, բայց դրանք ինքը չի հայտնագործել։ «Վեց բաղադրիչները նրա համար չեն, որ կողմերից յուրաքանչյուրն ընտրի դրանց միջից այն, որը հարմար է գտնում։ Իմ ուղերձներից մեկը հետեւյալն է՝ դուք չենք կարող դա անել։ Դա համապարփակ փաթեթ է, որը պետք է դիտարկել միասին։ Դուք չեք կարող ուղղակի վերցնել մեկ սկզբունքը կամ մեկ բաղադրիչը, որը կծառայի ձեր շահերին։ Երկու երկրների նախագահների եւ արտգործնախարարների հետ վարած բանակցություններում մենք խոսում ենք այդ մասին։ Նրանք գիտեն, որ դա պետք է համապարփակ կարգավորում լինի, որ ուղղակի չեն կարող ընտրել այն սկզբունքը, որն իրենց դուր է գալիս։ Հակառակ դեպքում ոչ մի կարգավորում չի լինի»,- նշել է համանախագահը։
Միաժամանակ Ուորլիքը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ բանակցությունները փակուղի են մտել։ «Անցյալ տարի նախագահները երեք անգամ հանդիպել են, եւ ամեն անգամ առաջընթաց է գրանցվել։ Հասե՞լ են արդյոք համաձայնության։ Ո՛չ։ Ահա թե ինչու է կարեւոր շարունակել միջնորդությունը եւ կազմակերպել նախագահների հանդիպումը։ Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, նրանք կարող են մանրամասն քննարկել այդ հարցերը։ Նրանք կենտրոնանում են այն հարցերի վրա, որոնք պետք է լուծում գտնեն, եւ ամեն անգամ մենք դա տեսնում ենք»,- նշել է Ուորլիքը։
Հարցին, թե երբ է պլանավորվում նախագահների հանդիպումը, դիվանագետը պատասխանել է, որ դա հենց նախագահները պետք է որոշեն։ Համանախագահը հույս է հայտնել, որ դա տեղի կունենա այս տարի։ «Սակայն մենք կցանկանայինք, որ դրական արդյունք լինի եւ ոչ թե ուղղակի հանդիպում հանդիպման համար։ Որպեսզի հանդիպումը համապատախանաբար պատրաստված լինի, իսկ քննարկվող հարցերում առաջընթաց գրանցվի։ Հենց այդ պատճառով մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում արտգործնախարարների հետ»,- նշել է նա։





























