Չնայած պարբերաբար տեղացող անձրեւին Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների թիվը ոչ միայն չի նվազում, այլեւ ավելանում է։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նախորդ օրերի պես այստեղ են հասարակական-քաղաքական գործիչներ, հայտնի դերասաններ, որոնք գտնվում են ցուցարարների եւ ոստիկանների միջեւ գտնվող հատվածում։
Այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանի մոտ նկատվում է ոստիկանական նոր ուժերի կուտակում։ Ակտիվիստները շարունակում են երգուպարը։ Վերջին մեկ ժամվա ընթացքում հնչում են ռազմահայրենասիրական երգեր, պարբերաբար հնչումէ ՀՀ օրհներգը։
Ժամանակ առ ժամանակ նախաձեռնող խումբը հավաքվումէ քննարկման, բայց լրատվամիջոցների համար դեռ որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել։
Այստեղ են գտնվում նաեւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում արդեն վեցերորդ օրն է, շարունակվում է բողոքի ակցիան, ցուցարարները այսօր մերժել են Սերժ Սարգսյանի առաջարկները։
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:




























