Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւին կրկնակի հարցաքննել են, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Դադաեւը իր ցուցմունքում բոլորովին նոր տարբերակ է ներկայացրել։ Նրա խոսքով՝ փետրվարի 27-ին ինքը եղել է Օչակովո-Մատվեեւսկում եւ քաղաքի կենտրոնում չի երեւացել։

Նրա ալիբին, ըստ պաշտպանական կողմի, կհաստատվի վկաների եւ Դադաեւի երեք բջջային հեռախոսների զննության արդյունքում, գրում է թերթը։

Ինչպես քննիչներին պատմել է ինքը՝ մեղադրյալը, այս հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։ Մարտի 7-ի ցուցմունքը, Դադաեւի խոսքով, ինքը տվել է խոշտանգումների սպառնալիքի տակ, իսկ հիմա ցանկանում է պատմել ամեն բան այնպես, ինչպես եղել է։

Նոր ցուցմունքի համաձայն՝ Դադաեւը փետրվարի 7-ին «Հյուսիս» գումարտակի նախկին ծառայակից Ռուսլան Գերեմեեւի հետ մինչեւ կեսօր եղել է մզկիթում, որից հետո գնացել «Վեսյոլիյ բաբայ» ռեստորան՝ ճաշելու։ Այստեղ 2 չեչենները մնացել են մինչեւ երեկոյան ժամը 20։00-ն։

Այնուհետեւ Դադաեւը միայնակ գնացել է «Ցինկ» ռեստորան։ Իսկ ժամը 23։00-ին նրան զանգահարել է Ռուսլան Գերեմեեւը, եւ նրանք նորից հանդիպել են, որից հետո ամենը մեկը տուն է գնացել։

Այսպիսով՝ սպանության գլխավոր մեղադրյալը գրեթե ամբողջովին հրաժարվել է նախկին խոստովանական ցուցմունքից։