Բուրունդիում երկուշաբթի մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները՝ չնայած երկրում տիրող անկայուն իրավիճակին եւ ընտրությունները տեղափոխելու միջազգային  հանրության կոչերին։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 6։00-ին։ Ինչպես գրում է AFP-ն, ընտրություններին կմասնակցեն 3.8 մլն քաղաքացի։

Նշենք, որ Բուրունդիում նախագահական ընտրությունները պետք է կայանան հուլիսի 15-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Աֆրիկյան միությունը հայտարարել էր, որ դիտորդական առաքելություն չի ուղարկի Բուրունդիի խորհրդարանական ընտրություններին, քանի որ այնտեղ բացակայում են ընտրությունների վստահությանը արժանի պայմաններ։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Բուրունդիում պետական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել։ Դրա պատճառը երկրի նախագահ Պիեռ Նկուրունզիզայի որոշումն էր՝ երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածուի պաշտոնում։