Մենք սովոր չենք մեկնաբանություններ անել ուրիշ ինքնիշխան երկրում տեղի ունեցող ներքին իրադարձությունների կապակցությամբ, նման իրավունք մեզ չենք վերապահում: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն՝ անդրադառնալով Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիաներին:

«Կարող եմ ասել, որ մենք, անկասկած, հետեւում ենք տեղի ունեցող իրադարձություններին, որոնք տեղավորվում են ժողովրդավարական գործընթացների տրամաբանության մեջ: Նորմալ է, որ մարդիկ պահանջներ են առաջ քաշում: Նորմալ է նաեւ, որ իշխանություններն ուզում են պաշտպանել հասարակական կարգը: Միակ բանը, որ մենք ուզում ենք, այն է, որ որքան հնարավոր է շուտ լուծում գտնվի երկխոսության ճանապարհով, որոշումը, որն ընդունելի կլինի բոլորի համար, նաեւ տնտեսության կենսագործունեության տեսանկյունից, քանի որ տնտեսությունը կարեւոր գործոն է»,-ընդգծել է դեսպանը:

Նշենք, որ հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։ Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: