Հայաստանն ու Բելառուսը քննարկում են Գյումրի քաղաքում գյուղատնտեսական տեխնիկա հավաքող ձեռնարկություն հիմնելու գաղափարը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Վիկտոր Գումինսկին երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումից առաջ, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։
Մասնավորապես Գումինսկին նշել է, որ երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորությունները ամբողջովին չեն օգտագործվում, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է այդ ոլորտում հարաբերությունների խորացման տարբերակներ փնտրել։ «Առեւտրատնտեսական հարաբերությունները, որոնք մենք այսօր ունենք, ոչ մի կերպ չեն կարող գոհացնել թե՛ մեզ, թե՛ հայկական կողմին։ Մենք վաղուց ենք քննարկում Գյումրիում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման ձեռնարկություն բացելու հարցը, սակայն ցավոք այս հարցում դեռ հեռուն չենք գնացել»,-ասել է Գումինսկին։
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ հունիսի 29—ից հուլիսի 2-ը մեկնել է Բելառուս։
Ի թիվս այլ միջոցառումների՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Բրեստի ամրոցի պաշտպանության ժամանակ հայ զինվորների հիշատակին նվիրված հուշաքար խաչքարի բացման արարողությանը։





























