Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների եւ Ֆրանսիայի դեսպանության «Ռոտոնդյան հանդիպումների» շրջանակներում, հունիսի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ «Հայաստանը եւ հայերը Առաջին համաշխարհային պատերազմում» վիրտուալ թանգարանի պաշտոնական ներկայացումը։ Մասնավորապես ներկայացվել են  Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահները:

Թանգարանը, որի ստեղծման գաղափարն առաջացել է 2014թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առիթով եւ 2015թվականին հարստացվել Ցեղասպանության մասին փաստաթղթերով, արդյունքն է Հայաստանի Ազգային արխիվի եւ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Արխիվի գործընկերության:

Վիրտուալ թանգարանը նպատակ ունի ինչպես հանրության լայն շրջանակներին՝ Հայաստանում եւ սփյուռքում, այնպես էլ գիտնականներին առավել հանգամանորեն ծանոթացնել Առաջին համաշխարհային պատերազմում Հայաստանի տեղի, պատմական, դիվանագիտական ասպեկտների, ցեղասպանության հետեւանքով մարդկային ողբերգության մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես Հայաստանը կարողացավ դիմակայել, ոտքի կանգնել եւ այս անասելի փորձությունը դարձնել ուժ՝ իր ապագան կերտելու համար:

Վիրտուալ թանգարանն այսօր ունի 4 գործող ցուցասրահ.

«Ֆրանսիան եւ Հայաստանը» սրահը, որը ներկայացնում է ֆրանս-հայկական հարաբերությունների ընդհանուր համայնապատկերը,  

«Կովկասի մուտքը պատերազմ» սրահը, որը ներկայացնում է հայկական հարցը միջազգային եւ ռազմական գործողությունների ֆոնի վրա, 

«Հայ ռազմիկները բոլոր ճակատներում» Կովկասում, Ֆրանսիայում, Արեւելքում եւ Կիլիկիայում, 
«Ցեղասպանությունը՝ հանցանք մարդկության եւ քաղաքակրթության դեմ», որտեղ ներկայացված է պատմական շրջանակները, վկայություններ ջարդերի մասին, հզոր տերությունների արձագանքը, տուժածներին ցուցաբերված օգնությունը։

Համալրվելով նորանոր բացահայտումներով, այս ցուցասրահները ներառում են Հայաստանի եւ Ֆրանսիայի արխիվներից ստացված փաստաթղթերի, տեքստերի, լուսանկարների, ֆիլմերի մի ընդարձակ շտեմարան՝ տարբեր լեզուներով:

Մյուս երկու ցուցասրահները աստիճանաբար կհամալրվեն, հնարավորություն տալով թանգարանին ներկայացնել նաեւ նոր պատմությունը։

Ցուցասրահներում զետեղված մեկնաբանությունները շուտով կթարգմանվեն հայերեն եւ անգլերեն: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա, ըստ ցանկության կառաջարկվեն թվային ցուցահանդեսներ ասոցիացիաների, դպրոցների եւ այլն, համար: