Թուրքիայի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 14-ի պաշտոնական հայտարարության մեջ մեջբերումներ են արված Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի վերջին հայտարարությունից: Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցի ընթացքում վերջինս պնդել էր իր միտքը, թե Ռուսաստանն ու Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարում Թուրքիայի տարածքով Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մատակարարումն իրականացնելու մասին: Կիրակոսյանի հայտարարությունը լայն տարածում գտավ, եւ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը օգոստոսի 15-ին հրապարակեց Ադրբեջանում թուրքական դեսպանության պաշտոնական հաղոդրումը, որում ասված էր, որ «Թուրքիայի տարածքով Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանին զենք մատակարարելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նման տեղեկությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամությունն ու եղբայրությունը ոչնչացնելուն ուղղված քայլ է»:

Իր հերթին Թուրքիայի ԱԳն մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը թուրքական «Hurriyet» թերթում քննադատության ենթարկեց Կիրակոսյանի հայտարարությունը՝ հայ փորձագետի հայտարարությունը որակելով «անկհայտ սադրանք, որը նպատակ ունի վերջ դնել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարի հարաբերություններին»:

Հատկանշական է, որ Օզուգերինը միաժամանակ գործնականում չհերքեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների փաստը, ինչի արդյունքում երկրի ընդդիմադիր թերթերն անմիջապես հանդես եկան Ռուսաստանի հետ բանակցությունների վերջ տալու պահանջով: «Milliyet» թերթը, օրինակ, իր էջերում հայտարարեց, թե Հայաստան առաքվող զենքն օգտագործվելու է Ադրբեջանի դեմ, եւ հավելեց, թե Ռուսաստանի ռազմակայանը մատակարարելուն աջակցելու հարցը չպետք է անգամ քննարկվի:

Ինքը՝ Կիրակոսյանը նույնպես որոշեց չլռել եւ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մասին ասաց հետեւյալը. «Այն փաստը, որ Թուրքիայի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարել պաշտոնական պատասխան տալ իմ հայտարարությանը, ապացուցում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ վստահության բացակայության փաստը: Բացի այդ, դա նաեւ վկայում է Թուրքիայի արտաքին քաղաքականության թուլությունը՝ հատկապես Հայաստանի հետ հարաբերույթունները կարգավորելու հարցում: Այդ ամենը կասդկածի տակ է դնում Թուրքիայի անկեղծությունը եւ նրա խոստումները երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման արագացման մասին, ներառյալ՝ Հայաստանի շրջափակումը վերջ տալու եւ Ցեղասպանության հարցում Հայաստանի պահանջների արդարացիության վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ունենալու պարտավորությունը: Այժմ ողջ պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի ուսերին, քանի որ միջազգային հանրությունը սկսում է առավել մեծ անհամբերություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ բարի կամք ցուցադրելու Թուրքիայի անվճռականության կապակցությամբ»:

Կիրակոսյանը նաեւ ընդգծել է, որ սահմանների բացման եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում դա Հայաստանի հանդեպ ներողամտություն է դիտարկվելու, քանի որ նման նվազագույն քայլերը հանդիսանում են քաղաքակիրթ երկրների հիմնարար պահանջներ: ԿԻրակոսյանը կրկին նշել է, որ դեռւես կա լավատեսության փոքր բաժին, քանի որ հենց առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ առաջ շարժվել Հայաստանի հետ: