Ծննդյան օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաեւ մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում: Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք միասին մասնակցեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության եւ համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, հաջողություններ եւ ամենայն բարիք»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նաեւ հեռախոսազրույց է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ շնորհավորել եւ բարեմաղթանքներ հղել ՀՀ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաեւ ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին»: