NASA-ի նախկին տնօրեն Շոն Օ'Քիֆը եւ նրա որդին, ովքեր եղել են Ալյասկայում վթարի ենթարկված ինքնաթիռում, կենդանի են մնացել: Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով փրկարարական գործողություններին մոտ կանգնած իր աղբյուրին:

Շոն Օ'Քիֆը ղեկավարել է NASA-ն 2001թ. դեկտեմբերից մինչեւ 2005 փետրվար: Այնուհետ աշխատել է General Electric ընկերության համար, իսկ անցած տարվա նոյեմբերի 1-ից նշանակվել է եվրոպական EADS կոնցեռի հյուսիսամերիկյան մասնաճյուղի ղեկավար:

Ավիավթարից զոհվել է հանրապետական կուսակցության սենատոր Թեդ Սթիվենսը: Դիլինգեմ քաղաքից 32 կմ հեռավորության վրա վթարի ենթարկված ինքնաթիռում 9 մարդ է եղել: Այլ ուղեւորների ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում:

Զոհվել են ուղեւորներից 5-ը: Կենդանի մնացածներին ԱՄՆ Ազգային Գվարդիայի ներկայացուցիչները տեղափոխել են Անքորիջ: Աղետը տեղի է ունեցել դժվարամատչելի տեղանքում՝ եղանակային վատ պայմաններում: DeHavilland ինքնաթիռը վերադառնում էր Դիլինգեմ լեռնային լճից, որտեղ Սթիվենսն ու Օ'Քիֆը ձկնորսություն էին անում: