Սեպտեմբերի վերջին տասնօրյակում Լեռնային Ղարաբաղում մեծ հանդիսավորությամբ կնշվի Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերածնման 20-ամյակը:

Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի վարածնման 20-ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպման հարցերով պետական հանձնաժողովի նիստում հաստատվել է տոնական միջոցառումների ցուցակն ու դրանց անցկացման ժամանակացույցն ու վայրերը։ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը հայտնել է, որ տոնական միջոցառումներին հրավիրված են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի պետական գործիչները, խոշոր բարեգործներ։

Հիմնական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 27-ին եւ 28-ին։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Գանձասարի վանքում կմատուցվի պատարագ։ Սեպտեմբերի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհանդիպի Արցախի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողության հետ։ Համալսարանում տեղի կունենա թեմի կողմից հրատարակված «Արցախի թեմը» և «Գանձասար» գրքերի շնորհանդեսը։

Նույն օրվա երեկոյան Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որի ժամանակ կներկայացվի Արցախի թեմի 20-ամյա գործունեությունը, կցուցադրվի թեմի և նրա ստեղծման պատմության մասին պատմող տեսաֆիլմ։ Տեղի կունենա համերգ, կկազմակերպվի լուսանկարների ու թեմի կողմից հրատարակված գրքերի ցուցահանդես։

Պետական հանձնաժողովը նպատակահարմար է համարել՝ Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակել Գանձասարում մատուցվելիք պատարագը։ Նման առաջարկ կարվի նաեւ Հայաստանի հեռուստաալիքներին։ Տոնակատարությունների լուսաբանման նպատակով ԼՂՀ կհրավիրվեն արտասահմանյան ԶԼՄ-երի ներկայացուցիչներ։