Թերթը զրուցել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի հետ:
Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
Պարոն Սեֆիլյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի կողմից իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի, եւ տնտեսապես շահավետ գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում գրանցված վերջին զարգացումները՝ հաշվի առնելով մեր երկրում ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումն ու Ադրբեջանին հակահրթիռային համակարգերի վաճառքը:
Իմ համոզմամբ, այսօրվա մոսկովյան իշխանությունները չեն վստահում Սերժ Սարգսյանի վարչակազմին եւ վարում են կորզելու քաղաքականություն: Քանի որ ռուսները համարում են, որ Սերժ Սարգսյանը շատ ընդգծված կերպով թեքվել է դեպի Արեւմուտք, նրանք փորձում են տարբեր կանխարգելիչ քայլեր կատարել այդ անվստահելի գործընկերոջը կարգի հրավիրելու նպատակով: Ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման պատճառը դրա մեջ եմ տեսնում՝ դա զգուշացում է Սերժ Սարգսյանին, որ նա հանկարծ չփորձի ռուսների գլխից թռնել: Ռուսները շատ լավ գիտեն, թե' Հայաստանի, թե' Ադրբեջանի զինվածության մակարդակը: Ինչպես նաեւ այն, որ հայկական կողմն ունի այնպիսի զինատեսակ, որից Բաքուն ապահովագրված չէ եւ այդ պատճառով է, որ չի համարձակվում ռազմական պոռոտախոսությունից անցնել գործի: Եւ երբ այդ ամենը իմանալով հանդերձ, ռուսները Ադրբեջանին են վաճառում C-300 զինատեսակը, նրանք դրանով մտածված կերպով խախտում են ռազմական առկա հավասարակշռությունը՝ վերացնելով այդ զսպող գործոնը:



























