Պարբերականը ժամանակ առաջ գրել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառի դիրքերում սնունդը քիչ է հատկացվում զինծառայողներին, եւ անձնակազմը, մասամբ սնվում է սեփական միջոցների հաշվին։ Օրինակ՝ զորամասում կարտոֆիլ ընդհանրապես չեն ստանում, մնացած սնունդը քիչ է հատկացվում։ Թերթը գրել էր նաեւ, որ զինծառայողները ստիպված են սնունդ գնել խանութից։ «Օրերս մեր աղբյուրներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է փոխվել այս զորամասում։ Պարզվեց՝ այդ հարցում ոչինչ չի փոխվել, սննդի հետ կապված նույն վիճակն է։

Նշենք, որ այդ տարածքում հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, որոնք 127 հազար դրամ աշխատավարձ են ստանում ու, փաստորեն, աշխատավարձի 35-40 հազարը թողնում են տեղում՝ սննդի վաճառակետերում։ Արդյունքում շահում են տեղի խանութների տերերը, որոնք պատահական մարդիկ չեն։ Խանութի տերերից մեկը վաշտի հրամանատար գնդապետ Արամ Պետրոսյանի փեսան է, մյուսը՝ թիկունքի պետ մայոր Ռուբիկ Ենոքյանը։ Այսինքն, մեր բանակը ոչ միայն մահվան եւ կանոնագրքի խախտումների դեպքերով է աչքի ընկնում, այլեւ կենցաղային պայմանների, սննդի ապահովման խնդիրների թերություններով»,-եզրակացնում է թերթը: