Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ազատ երկիր է, ցանկացած մարդ կարող է գալ ապրել այստեղ, արձակուրդ անցկացնել, շփվել բնակիչների հետ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանցի գործիչ Բայրամ Սաֆարովի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղի բնակիչների հետ շփվելու որեւէ պայման չի ստեղծել»:

«Հասկանալի է, որ այդ պարոնը շահարկում է, պարզ ասած՝ «տեղեկություն» է տրամադրում, որը ցանկանում է տարածել»,- փաստեց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ Հայաստանի հասցեին մեղադրանքները նույնքան անհիմն ու անտեղին են:

Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի, բավական է հետեւել հանրապետություն զբոսաշրջիկների հոսքի աճի վիճակագրությանը՝ հասկանալու համար ժամանողների լայն աշխարհագրությունը. Զիմբաբվեից Չինաստան, Կանադայից Ավստրալիա:

«Ցանկացած մարդ կարող է գալ ապրել այստեղ, արձակուրդ անցկացնել, շփվել բնակիչների հետ: Իսկ Բայրամ Սաֆարովը պարզապես համապատասխան հատուկ ծառայություններից ստացած առաջադրանք է կատարում»,- նկատեց Բաբայանը: