Ford ընկերությունն ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում F-150 Raptor «լիցքավորված» փիքափի նախատիպի փորձարկում է անցկացրել։ Թեսթի արդյունքում ամերիկյան արտադրողը պարզել է, որ անապատի արտաճանապարհային հատուկ մայրուղու վրա մոդելը 25 տոկոսով ավելի արագ է ընթանում։
Արտաճանապարհային մայրուղին 105 կիլոմետր է։ Յուրաքանչյուր շրջանի ավարտին մեքենան 60 սմ բարձրությամբ ցատկահարթակ է հաղթահարել։ Ըստ Motor-ի, որոշ հատվածներում արագությունը գերազանցել է 160 կմ/ժ-ը, իսկ ընդհանուր երթուղին 1644 կմ է եղել։
Ford F-150 Raptor-ը ներկայացվել է հունվարին, Դեթրոյթի ավտոսրահում։ Իր նախորդների համեմատ, նրա առջեւի հատվածը լայն է 63 մմ-ով, իսկ հետնամասը՝ 76 մմ-ով։ Բացի այդ, մեքենայի կառավարման համակարգում կան հատուկ ռեժիմներ, որոնք օգնում են անապատում ավելի արագ ընթանալ։
Մեքենան ունի 3.5 լիտր ծավալով 450 ձիաուժ հզորությամբ V6 EcoBoost շարժիչ։































