Նորագավիթի գազալցակայանի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած «Մերսեդեսի» վարորդը՝ 29-ամյա Ստյոպա Ավետիսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: NEWS.am-ի թղթակցին հիվանդանոցից հայտնեցին, որ նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունն առկա է, շնչում է ինքնուրույն: Ընդհանուր առմամբ՝ տղամարդւո վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա մեկ տուժած եւ չորս զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 34 AR 516 պ/հ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի 82 MO 002 պ/հ ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ա.-ն (30տ.) ինքնուրույն դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 29-ամյա Ս.Ա.-ի, 23-ամյա Ա.Ե.-ի եւ Լ.Ղ.-ի դիերը:
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 58-ամյա Վ.Ս.-ն տարբեր մարմնական վնասվածքներով Մասիս քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է:



























