«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հետ կապված՝ Սահմանադրական դատարանի հուլիսի 7-ին կայացրած որոշման մեջ կան ձեւակերպումներ, որոնք եւ նալին են խփում, եւ մեխին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր՝ հուլիսի 13-ին, նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը:
«80 էջանոց որոշումը կարդալու, հասկանալու համար շատ ժամանակ է անհրաժեշտ: Հետեւաբար այս պահին դժվար է խոսել մեր հայցի բավարարման մասին: Այնուամենայնիվ, այս որոշումով մեզ համար օրենսդրական փաթեթների ստեղծման մեծ դաշտ է առաջացել: Այժմ մենք գործընկերներով քննարկում ենք եւ առաջիկայում նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգանք»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Պատգամավորը վստահեցրեց, որ իրենք շարունակելու ենք պայքարը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հետ կապված մի խումբ պատգամավորների դիմումի հիման վրա կայացված որոշումը, որով օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական են ճանաչվել:



























