Իմ վարած հանգիստ եւ քաղցր կյանքը անտառում, որտեղ ես գառներ էի բուծում եւ բոլոր հնարավոր ու անհնարին կերպով աջակցում Պուտինին, ավարտվեց այն բանից հետո, երբ մենք անվճար 16-րդ դարի ֆոլիանտներ բաժանեցինք եւ հրատարակեցինք պատմության դասագիրքը, որը կոչվում էր «Ադամից մինչեւ Պուտին»։ Այս մասին հուլիսի 13-ին՝ Շուշիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ռուս գործարար Գերման Ստերլիգովը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանի Բոլոտնայա հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ հեղաշրջում էր նախապատրաստվում, որը ժամանակին կանխել է ԱԴԾ-ն։
Ստերլիգովի խոսքով՝ իր գրած դասագիրքը հանգեցրեց նրան, որ իրենից երես թեքեցին իշխանական կառույցներում գտնվող իր բոլոր մերձավորներն ու ընկերները։ «Այդ դասագիրքը վանեց շատերին։ Ինձնից նեղացան բոլորը, եւ դա զգացին իմ թշնամիները՝ կեղծ եկեղեցին, գիտնական կախարդները։ Սկզբում իմ հասցեին սպառնալիքներ էին հնչում, տունս վառեցին, երեխայիս փորձեցին առեւանգել, սակայն այդ ամենը մանր հարձակումներ էին»,-ասել է նա։
Գործարարը նշել է, որ Ռուսաստանում ուզում են իրեն մամլիչի տակ դնել։ Նա նաեւ նշել է, որ լրագրողների շնորհիվ՝ ինքը ձեռք է բերել այնպիսի մարդու համբավ, որին ազատազրկում է սպառնում, եւ որը ֆինանսավորում է ազգայնականներին։ «Ես հասկանում եմ, որ ձեզ տեղեկություն են տվել, իսկ դուք ՝ որպես լրատվամիջոց, վերամշակում եք այն։ Ես առաջարկում եմ վերջ տալ, բացառություն անել եւ չմշակել այդ տարբերակը։ Ես ձեզ ոչ մի վատ բան չեմ արել, ես ձեզ հյուրասիրել եմ սլոբոդայում, երբ դուք այցելում էիք ինձ։ Ես ձեզ հյուրասիրում էի, գրքեր նվիրում, թթվասեր էի տալիս, հաց հյուրասիրում»,- ասել է Գերման Ստերլիգովը։




























