Ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիների կողմից օգոստոսի 15-ին նշվող Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ բազմաթիվ երկրներից ժամանած հույն ուխտավորները հերթական անգամ ուխտագնացություն են կատարել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող սուրբ Աստվածածնի Սումելի (Պանագիի Սումելի) մենաստան, որը գտնվում է պատմական Պոնտոսի մայրաքաղաք Տրապիզոնից երկու տասնյակ կմ հառավորության վրա։ Նրանք ժամանել են այնտեղ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն իրենց սրբավայրերին, սակայն թուրքական իշխանությունները այդ հաշվով այլ ծրագրեր ունեին։ Օդակայանում հոգևորականության ներկայացուցիչներից պահանջել են հանել խաչերն ու հանդերձանքը։ Վրաստանից ժամանած նավերի ուղևորներին թույլ չեն տվել ափ իջնել։ Նույնը կարելի է ասել նաև Հունաստանից ժամանած 8 նավերի մասին։
Անհասկանալի պատճառներով, թուրքական իշխանություններն իրենց հույն գործընկերներին զգուշացրել են, որ այս տարի ուխտագնացների մասնակցությամբ ս. Պանագիի Սումելի մենաստանում որոշակի միջոցառումներ անցկացնելն արգելված է։ Նման գործողությունների պատասխանը հնչել է Արտասահմանի հույների խորհրդի ներկայացուցիչ Իվան Սավվիդիսի կողմից, որը թուրքական իշխանությունների գործողությունները որակել է որպես «մարդու իրավունքների խախտում»։
Կրոնական ծեսն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել՝ բազմաթիվ ուխտավորների ներկայությամբ, սակայն ընդհատվել է երկրի պաշտոնատար անձանց հրահանգով, Սկսել են ջուր լցնել մոմերի վրա, առգրավել դրանք՝ փորձելով խանգարել ժամերգության ընթացքը։ Եվ, նկատի ունենալով այն փաստը, որ այդ մենաստանում ժամերգություն է կատարվում ամեն տարի, ապա թուրքական իշխանությունների գործողությունները կարելի է անվանել բարբարոսություն, որը կարող է նախնադարյան վայրագության նմանատիպ դրսևորումների նախադրյալ հանդիսանալ հետագայում ևս։
Հետաքրքիր է, որ վերը նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել այն բանից մի քանի օր հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ներառյալ նաև Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսին։ Էրդողանը խոսել է բարձր արժեքների և հանուն Ալլահի մերձավորին սիրելու մասին։ Ընդ որում, անկախ ազգային պատկանելությունից։ Սակայն վարչապետը, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ գերագնահատել է սեփական ժողովրդի որոշակի մասի նախատեսակային տվյալները։ Ինչի ապացույցն են նաեւ թուրքական իշխանությունների գործողությունները։




























