Ռումինական «Տիմիշոարա»-ն, որի կազմում են խաղում Քարամյան երկվորյակ եղբայրները՝ Արտավազդն ու Արմանը, Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին հանդիպումը սեփական դաշտում զիջել է գերմանական «Շտուտգարդ»-ին։ Գերմանական ակումբը, որն իր կարգով գերազանցում էր մրցակցին, կարողացել է ռումինացիների դարպասը ուղարկել անպատասխան երկու գնդակ, և դրանով իսկ գործնականում հօգուտ իրեն լուծել երկու խաղերի ելքը։ Պատասխան խաղում, որը տեղի կունենա մեկ շաբաթ հետո Գերմանիայում, Քարամյան եղբայրների ակումբը ստիպված կլինի մրցակցի դարպասն ուղարկել առնվազն 3 գնդակ, որպեսզի մտնի Չեմպիոնների լիգայի խնբային փուլ։
Իսկ ինչ վերաբերում է եղբայրներին, ապա և՛Արմանը, և՛ Արտավազդը խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմում։ «Տիմիշոարա»-ի մարզիչը նրանց տեղաբաշխել էր ձախ եզրում, որտեղ նրանք իրենց ակտիվ գործողություններով փորձում էին ճեղքել մրցակցի պաշտպանական պատնեշը։ Սակայն եղբայրները կարողացան ինչ-որ ձևով աչքի ընկնել միայն խաղի վերջում. Արտավազդը, ավաղ, արժանացավ դեղին քարտի, որը նրա համար երկրորդն էր (նա բաց կթողնի «Շտուտգարդի» հետ պատասխան խաղը), իսկ Արմանը մոտ տարածությունից չկարողացավ գրավել դարպասը, երբ գլխով եզրափակեց աջ եզրից ստացած փոխանցումը։
Գերմանիա կատարելիքուղեւորությունից հետո Քարամյանները կմասնակցեն Ռումինիայի առաջնության հերթական փուլի հանդիպմանը, որից հետո կժամանեն Երևան՝ 2010 թվականի աշխարհի առաջնության Բոսնիայի (սեպտեմբերի 5-ին) ու Բելգիայի (սեպտեմբերի 9-ին) հավաքականների հետ ընտրական խաղերին նախապատրաստվելու նպատակով։




























