Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքները մոտենում են ավարտին, արդեն օգոստոսի 1-ին այն կհանձնվի Հանրապետության նախագահին: Այս փուլում աշխատանքների ընթացքի եւ բուն նախագծի մի շարք առանցքային հարցադրումների շուրջ NEWS.am-ը զրուցել է  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի հետ:

Նախագիծը բերվում է վերջնական տեսքի, սակայն հանրությունը, քաղաքական ուժերը դեռեւս խիստ իրարամերժ տեսակետներ են հայտնում սահմանադրական բարեփոխումների առանձին էական հարցերի վերաբերյալ: Այս պայմաններում Դուք իրավաչա՞փ եք համարում նախագիծ կազմելը:

Սահմանադրության նախագծի վերաբերյալ հնչած մոտեցումները համարժեք ուսումնասիրվել են, առանձնացվել են այնպիսիք, որոնք անմիջական առնչություն ունեն եւ սահմանափակված չեն սոսկ քաղաքական կամ հրապարակախոսական ենթատեքստով: Տեսակետների բախում կա նաեւ մասնագիտական հանձնաժողովի ներսում, ինչն օրինաչափ է, եթե հաշվի առնենք, որ խոսքն առանցքային նշանակություն ունեցող, երկրի ու ժողովրդի ճակատագրի վրա էական ազդեցություն ունեցող իրավական ակտի մասին է: Միաժամանակ, մեր խնդիրն ենք համարել ընտրել առավել ընդունելի լուծումները, որոնց մի մասի հեղինակները նաեւ քաղաքական ուժերի, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ են:

Ինչպե՞ս են ձեւավորվելու սահմանադրական մարմինները, արդյոք  ընտրված ընթացակարգերը կերաշխավորե՞ն արդարացի համակարգ: Չմոռանանք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ողջ նախաձեռնությունը որակում են, որպես «իշխանությունների վերարտադրության գործիք»:

Ձեր հարցադրման տեսանկյունից սկզբունքային նորամուծությունը, ինչպես գիտեք, խորհրդարանական կառավարման ձեւն է, որն էլ պայմանավորում է սահմանադրական մարմինների կազմավորման սկզբունքները: Այս փուլում ճշգրտորեն դեռ վաղ է խոսել մանրամասներից, սակայն կարող ենք փաստել, որ քննարկման փուլում, թերեւս, հավանության են արժանացել հետեւյալ հիմնադրույթները՝

ա) խորհրդարանին վերապահվելու են անհամեմատ լայն վերահսկողական լիազորություններ,

բ) խորհրդարանում էապես ընդլայնվելու է ընդդիմադիր քաղաքական ուժերի կարգավիճակը, վերջիններս ոչ միայն երաշխավորված պատասխանատու դիրքեր կզբաղեցնեն խորհրդարանական մարմիններում,  այլեւ ի զորու կլինեն ազդել օրինաստեղծ գործունեության, վերահսկողական եւ կադրային քաղաքականության վրա,

գ) գործադիր իշխանության բոլոր մարմինների նկատմամբ կսահմանվի խորհրդարանական վերայսկողություն,

դ) խորհրդարանում որոշակի տեղեր կհատկացվեն ազգային փոքրամասնություններին եւ այլն:

Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, որին  մասնակցող բոլոր կուսակցությունները եւ դաշինքները նախապես պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուն եւ ծրագրային հիմնադրույթները: Հանրապետության Նախագահը չի ունենալու անմիջական մանդատ, նրան կընտրեն ընտրիչները: Սահմանադրությամբ թե ովքեր են ընտրիչները հարցին անդրադարձ չկա, դա կարվի օրգանական օրենքով: Կարելի է ասել, որ ընտրիչները անձինք են, այդ թվում պատգամավորներ ու ՏԻՄ-երի ներկայացուցիչներ,, որոնք կընտրեն նախագահին:

Խորհրդարանի կողմից ընտրվող պետական մարմինների ու պաշտոնյաների ցանկը կմնա նույնը, կբարձրանա անցողիկ քվեն, որը պայմանավորված է ընդդիմադիր քաղաքական ուժերի դերի բարձրացման անհրաժեշտությամբ:

Ինչ վերաբերում է «իշխանությունների վերարտադրության» թեզին, ապա կոնկրետ որեւէ փաստարկ դեռեւս չի բերվել այդ մոտեցումը հիմնավորելու համար: Առնվազն վերացական կոչ է արվել՝ ազնվորեն բացատրել, թե ինչու է նախապատվությունը տրվել խորհրդարանական կառավարման ձեւին: Հավանաբար, այս գաղափարի հակառակորդներն ունեն նախագահական կառավարման ձեւի պարագայում իրենց թեկնածուի հավակնություններին հագուրդ տալու ձգտում, բայց սա արդեն այլ հարթության խնդիր է:

Կենտրոնացված կառավարման ձեւի պարագայում խնդրահարույց չի դառնում նաեւ երկրի պաշտպանունակությունը, ինչին քանիցս անդրադարձել է նաեւ Հանրապետության  նախագահը:

Մյուս կողմից բազմիցս ընդգծվել է, որ խորհրդարանական կառավարման ձեւի ընտրությունը կարող է միակ ընդունելին համարվել, եթե մասնագիտական հանձնաժողովն առաջադրի գերագույն հրամանատարի խելամիտ նշանակման ընթացակարգ, վերջինիս հիմնավորված լիազորությունների շրջանակ եւ, ընդհանրապես, ռազմական կառուցակարգերի կառավարման անխափան ու կանխատեսելի համակարգ, ինչն էլ արվել եւ հավանության է արժանացել: Վերջին հաշվով, կառավարման խորհրդարանական ձեւ ընտրել են նաեւ այնպիսի երկրներ, որոնք եւս գտնվում են պատերազմական վիճակում, եւ որոնց փորձն էլ հանգամանորեն ուսումնասիրվել ու հաշվի է առնվել: Ի դեպ, նախագծով նախատեսվել է, որ պատերազմի ժամանակ հիշյալ հրամանատարը երկրի վարչապետն է, միաժամանակ, կառավարությունը կարող է մեկ այլ համապատասխան անձի նշանակել այդ պաշտոնում: 

Ի՞նչ ակնկալիք ունենք Սահմանադրությունից, այն կարո՞ղ է իր հերթին բարեփոխել ողջ հասարակությունը:

Բազմիցս նկատել եմ, որ Սահմանադրությունն ինքնին չի կարող սոցիալ-տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրների լուծման դեղատոմս լինել, սակայն այն անվերապահորեն կարող է բացառել որեւէ իրավական խոչընդոտ այդ խնդիրների լուծման ճանապարհին, նպաստել առավել հասուն իրավական մշակույթի ձեւավորմանը, քաղաքացիական հասարակության համար ճանապարհ հարթելու նշված հիմնախնդիրների լուծմանն ակտիվորեն ներգրավված լինելու տեսանկյունից եւ այլն: Բերեմ միայն մեկ մասնավոր օրինակ. նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունք վերապահել նաեւ քաղաքացիներին: Ընդ որում, այդպիսի իրավունք կարող է վերապահվել նաեւ այն դեպքում, երբ Ազգային ժողովն արդեն ընդունել է օրենք, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերը գտնում են, որ այն չի բխում հանրության շահերից եւ դրա ուժի մեջ մտնելը պետք է կասեցնել մինչեւ հանրաքվեի արդյունքները:

Հիմա մենք պետք է մեզ հարց տանք. «Պատրա՞ստ ենք մեզ ընձեռած հնարավորություններից համարժեք օգտվել, առանց որեւէ պետական մարմնի հետ համաձայնեցնելու, հանդես գալ  օրենսդրական նախաձեռնություններով եւ չսահմանափակվել սոսկ քննադատություններով»:

Ի՞նչ նորամուծություններ կան դատավորների անկախությունը երաշխավորելու ուղղությամբ: Ընդ որում, Հայեցակարգով էր հավաստվել, որ դատական իշխանության անկախությունը խոցելի է, եւ այդ համակարգն արմատական վերանայման կարիք ունի, անգամ՝ խոսվում էր երկաստիճան դատական համակարգի անցնելու նպատակահարմարության մասին:

Տեւական ու սուր քննարկումների արդյունքում ելակետ ընդունվեց այն դիրքորոշումը, ըստ որի՝ դատական աստիճանների քանակը չի կարող դատական իշխանության անկախության երաշխիք լինել: Կարծում եմ, նախագծով առաջադրվում են լրջագույն երաշխիքներ՝ ինչպես հնարավոր արտաքին, այնպես էլ ներհամակարգային ազդեցությունից դատավորներին զերծ պահելու նկաառումով: Նախ, արդարադատության խորհրդին փոխարինող Բարձրագույն դատական խորհրդում հավասար թվով լինելու են իրավագետներ եւ գործող դատավորներ, ինչը կբացառի կորպորոտիվ շահերով թելադրված մոտեցումները: Դատական ատյանների նախագահները կընտրվեն որոշակի ժամկետով եւ ընդամենը մեկ անգամ, մասնավորապես նախատեսվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը կընտրվի 6 տարի ժամկետով: Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը կսահմանվի 12 տարի եւ դարձյալ մեկ անգամ, ինչը դարձյալ միտված է նրանց նկատմամբ ազդեցության շարժառիթների բացառմանը:

Վերադառնանք այն հարցին, որ սահմանադրականության արժեքը ոչ այնքան «գրագետ» իրավական փաստաթուղթ ունենալն է, որքան դրա կիրառման երաշխավորվածությունը: Դուք խոսուն հիմնադրույթների անդրադարձաք, սակայն ինչպե՞ս մենք կարող ենք համոզված լինել, որ դրանք հետեւողականորեն կյանքի կկոչվեն:

Դա չափազանց մտահոգիչ հարցադրում է, ինչին անդրադարձ կար նաեւ Հայեցակարգում: Այդ տեսանկյունից կարեւոր նորամուծությունների շարքին կարելի է դասել նաեւ սահմանադրական պատասխանատվության կառուցակարգերի եւ ընթացակարգերի հիմնադրույթների ամրագրումն ու սահմանադրության մշտադիտարկման ինստիտուտի ներդրումը եւ այլն: Կարծում եմ, հանդուրժելի չէ այն, երբ Սահմանադրական դատարանը կոնկրետ օրենսդրական դրույթներ կամ կամ դրանց իրավակիրառ պրակտիկան ճանաչում է Սահմանադրությանը հակասող, սակայն իրավասու մարմինները բավարար չափով հետեւություններ չեն անում ու երբեմն չեն շտապում վերանայել օրենսդրությունը: Սահմանադրական մշտադիտարկման ինստիտուտն ի զորու է արմատապես շտկելու իրավիճակը:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը