Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 15-ին կայացել է Լեյլա եւ Արիֆ Յունուսների գործով նախնական դատական նիստը։

Ինչպես գրում է contact.az-ը, նիստը կայացել է անվտանգության խստացված միջոցների պայմաններում։ Լրագրողներից եւ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներից վերցրել են պայուսակները, բջջային հեռախոսները եւ վկայականները։

Լեյլա եւ Արիֆ Յունուսները եղել են հատուկ ապակե վանդակի ներսում եւ հիվանդ տեսք են ունեցել։

Արիֆ Յունուսի փաստաբանը միջնորդագիր է ներկայացրել քրեական վարույթը դադարեցնելու համար, քանի որ նրա մեղքն ապացուցող բավարար փաստեր չկան։ Փաստաբանը Յունուսի գործունեության մեջ ուրիշի ունեցվածքը յուրացնելու՝ խարդախության հետքեր չի տեսնում։

Լեյլա Յունուսի փաստաբանը միջնորդագիր է ներկայացրել նրան տնային կալանքի տակ տեղափոխելու կամ գրավի դիմաց ազատ արձակելու համար։ Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը ծանր հիվանդ է։ Լեյլա Յունուսը 2 աչքի վիրահատություն է տարել, ունի շաքարային դիաբետ եւ հեպատիտ Ց։

Դատարանը մերժել է բոլոր միջնորդագրերը եւ լսումները նշանակել հուլիսի 27-ին։