Այսօր` օգոստոսի 13-ին Մյունխենի «Ալյանց Արենայում» տեղի կունենա մրցաշրջանին նախորդող ամենահետաքրքիր ընկերական հանդիպումը: Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերի պատվին խաղադաշտ դուրս կգան «Բավարիան» ու «Ռեալը»: Խաղը հսկայական հետաքրքրություն է առաջացրել Մյունխենում եւ բոլոր տոմսերն արդեն վաճառվել են: Այս հանդիպումը կդառնա Ֆրանց Բեկենբաուերի ուշացած հրաժեշտը «Բավարիային»: Բեկենբաուերը, որն այժմ «Բավարիայի» պատվավոր նախագահն է, կարիերան գերմանական ակումբում ավարտել է 33 տարի առաջ` տեղափոխվելով Նյու Յորքի «Կոսմոս» ակումբ:

«Ափսոս, որ այն ժամանակ չի ստացվել կազմակերպել հրաժեշտի հանդիպում, սակայն այժմ հնարավորություն կա այդ անարդարությունը շտկել: Ֆրանց Բեկենբաուերը մեր գլխավոր ֆիգուրն է որպես խաղացող, մարզիչ ու նախագահ»,- հայտարարել է ակումբի ներկա նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Նրա խոսքով, այսպիսի բենեֆիս կազմակերպելու միտքը «Բավարիայում» ծագել է անցած տարվա նոյեմբերին: «Լավագույն մրցակցի» դերում հայտնվել է Մադրիդի «Ռեալը»: Ֆլորենտինո Պերեսն անմիջապես համաձայնել է առաջարկին` խոստանալով ներկայանալ ուժեղագույն կազմով, հաղորդում է AS-ը: