Լեռնային Ղարաբաղը որեւէ սպասելիք չունի ՀԱՊԿ-ից: Այդ մասին օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով, Հայաստանն ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի եւ նրա շահերի պաշտպանությամբ:

«Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է, եւ ՀԱՊԿ-ն բաց հայտարարում է, թե չի խառնվի, եթե Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսի: Եթե Ադրբեջանը հարձակվի, Ղարաբաղի միակ հույսը մենք ենք»,- վստահ է Կարապետյանը: Նրա խոսքով, այսօր մենք պետք է հասկանցնենք, որ Արցախը միայնակ չէ, որ Հայաստանը նրա կողքին է: «Այն, որ ռուսները երկարաձգում են ռազմակայանների մնալու ժամկետը, լավ է այն իմաստով, որ կարող ենք հանգիստ լինել թուրքերի պահով: Նրանք չեն միջամտի, եւ մենք կարող ենք մեր ռազմական ողջ հզորությունն ուղղել Արցախի պաշտպանությանը»,- ասել է Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ն եւ մասնավորապես, Ռուսաստանը չեն պատրաստվում պաշտպանել Ղարաբաղի հայերի շահերը:

Ըստ Ժողովրդական կուսակցության, Հայաստանը չպետք իրենով փոխարինի ԼՂՀ-ին: «Օրերս ես եղել եմ ԼՂՀ-ում եւ հանդիպել Բակո Սահակյանին: Այնտեղ տարակուսում են, թե ինչպե՞ս պետք է Հայաստանն իրենց փոխարեն փոխզիջումներ անի: Դա պետք է որոշի Ղարաբաղը, նրա ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ մեկը դրսից»:

Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրական տեղեկատվությունը, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովում քննարկվելու է Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորման հարցը, Կարապետյանը նշեց. «Որքան ես գիտեմ, գագաթնաժողովը կայանալու է նավի վրա: Նավ լինի, թե սուզանավ, դա ոչ մի նշանակություն չունի, ոչ ոք իրավասու չէ որոշել Ղարաբաղի փոխարեն»: