Դեբեդ գետում հայտնաբերված «գազան-մուտանտը» սովորական ջրասամույր է եղել:

Վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, թե Լոռու մարզի Դեբեդ գետում մուտանտ է հայտնվել, որը մարդկանց եւ կենդանական աշխարհի համար մեծ վտանգ է ներկայացնում:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի՝ WWF- Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանը հերքել է լրատվամիջոցների հաղորդումները եւ նշել, որ կենդանին ընդամենը ջրասամույր է: «Զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր հանդիպել են ջրասամույրին, նրան մուտանտի տեղ են ընդունել: Մենք հետ ենք վարժվել վայրի բնության հետ շփվելուց եւ դադարել ենք ճանաչել կենդանիներին, որոնք առաջ մեր գետերի մշտական բնակիչներն էին, եւ որոնց քանակը գնալով պակասում է»,- ասել է Մանվելյանը «Էկոլուրին», եւ հավելել, որ ականատեսների նկարագրությունը միանգամայն համապատասխանում է ջրասամույրի արտաքինի նկարագրությանը, որի որջը գետի ափին է: Կենդանին հրաշալի լողում է եւ սնվում է ձկով, նա ընդհանրապես ագրեսիվ չէ, ուղղակի պաշտպանվում է, երբ մարդիկ փորձում են բռնել: Ի դեպ, ջրասամույրը Հայաստանի եւ Միջազգային Կարմիր գրքերում գրանցված անհետացող տեսակներից է: