«Զվարթնոց» օդանավակայանում գիշերային ժամերին իրականացվող միջազգային չվերթները անհարմարություն են առաջացնում ոչ միայն Հայաստան այցելող զբոսաշրջիկների, այլեւ երկրից մեկնողների համար։
Վերջերս Հունաստանից վերադարձած Աիդա Խաչատրյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ գիշերային չվերթի պատճառով արձակուրդն սկսել է վատ տրամադրությամբ։
«Ամբողջ գիշեր չքնելուց հետո ստիպված էի վեց ժամ թափառել Աթենքի փողոցներում, մինչեւ հյուրանոցում ինձ սենյակ տրամադրեցին։ Հյուրանոց հասանք առավոտյան 6–ին, մինչդեռ գրանցումը սկսվում էր ժամը 12–ից»,– պատմեց Աիդա Խաչատրյանը։
Ծանոթների տխուր փորձը հաշվի առնելով` Աննա Բարսեղյանը, որը պլանավորում է հանգիստն անցկացնել Հունաստանում, դրսում չմնալու համար ստիպված է եղել հյուրանոցի սենյակը 1 օր ավելի ամրագրել։
«Ստացվում է, որ յոթ ժամվա համար վճարում ենք մեկ օրվա գումար» ,- ասաց Աննա Բարսեղյանը։
Եթե Եվրոպայում կարելի է գտնել 12–ին գրանցումը սկսող հյուրանոցներ, ապա Հայաստանում այն հիմնականում ավելի ուշ է սկսվում։ Ամենապահանջված մի քանի հյուրանոցներում NEWS.am–ին ասացին, որ check-in-ը իրենց մոտ սկսվում է ժամը 14։00–ից։
Հայաստան ժամանած մի վիետնամցի զբոսաշրջիկ պատմեց, որ ինքը հասել է Երևան առավոտյան ժամը 7-ին, սակայն հյուրանոցի գրանցումն սկսվում է ժամը 13։00–ին՝ այսինքն 6 ժամ ուշ իր վայրէջքից, ուստի մի քանի ժամվա համար մեկ օրվա վարձ չվաճարելու համար նախընտրել է զբոսնել Երևանի փողոցներում, ինչը այնքան էլ հաճելի չի եղել երկար ճանապարհորդությունից հետո։
Միեւնույն ժամանակ, զբոսաշրջիկը նշեց, որ Վիետնամում նույնպես շատ են գիշերային չվերթները և նույնանման անհարմարությունների այնտեղ էլ կարելի է հանդիպել։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դեպի Հայաստան շատ միջազգային չվերթներ իրականացվում են գիշերը, ինչը անհարմարություններ է ստեղծում ժամանողների համար։ Վարչապետը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին, Էկոնոմիկայի նախարարությանը եւ Քաղավիացիայի գլխավոր վարչությանը հանձնարարել էր բանակցություններ վարել ավիաընկերությունների հետ ժամանումները գիշերվա ժամերից առավոտյան ժամերի տեղափոխելու համար։




























