Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիներն ահազանգում են, որ ոստիկաններն առանց ծանուցագրի այցելում են իրենց բնակարաններ եւ պահանջում ներկայանալ ոստիկանություն: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Դավիթ Զախարյանը NEWS.am-ին պատմեց, որ նախորդ օրն իրենց տուն է այցելել ոստիկան, ճշտել իր հեռախոսահամարը, զանգահարել ու պահանջել ներկայանալ ոստիկանություն:

«Տանը եղել է միայն տատիկս, ոստիկանն առանց որեւէ փաստթուղթ ցույց տալու, նեկայանալու մտել է տուն, իմ հեռախոսահամարն է վերցրել, մեր տան քաղաքայինի համարն է վերցրել: Բացի այդ իր հեռախոսահամարն է թողել, ասել, որ զանգեմ: Ես զանգեցի, հարցրի՝ ինչ օրենքով է եկել, չպատասխանեց: Ասեց, որ գնամ, բաժնի պետին ներակայանամ»,- ասաց Դավիթ Զախարյանը՝ նշելով, որ ներկայանալու համա ծանուցագիր է պահանջել, որը դեռ չի ստացել:

Քաղաքացիական ակտիվիստ Էմին Մարտիրոսյանը NEWS.am-ին պատմեց, որ երկու օր առաջ երկու ոստիկան է այցելել իրենց բնակարան, ճշտել իր հոր համարը, զանգահարել ու առանց ծանուցագրի պահանջել ներկայանալ ոստիկանություն:

«Բաղրամյանում ակցիայի ժամանակ ինձ հետ նաեւ իմ անչափահաս եղբայրն էր եկել: Ոստիականը եկավ, ես էի տանը, եղբորս անուն, ազգանունը տվեց, հարցրեց՝ իրենց բնակարանն է, թե ոչ: Հայրիկիս հեռախոսահամարը վերցրեց: Զանգել էր հայրիկիս, ասել, որ ներկայանա ոստիկանություն»,- ասաց Էմին Մարտիրոսյանը՝ նշելով, որ քանի դեռ իրենք ծանուցագիր չենստացել, չեն ներկայանա ոստիկանություն:

Ակտիվիստները կարծում են, որ այդ կերպ փորձում են ճնշել իրենց, որպեսզի հրաժարվեն հետագա պայքարին մասնակցելուց: