Անգլիայի «Մանչեսթեր Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է Իտալիայի «Ինտերի» հարձակվող Մարիո Բալոտելիի տեղափոխության մասին: «Մանչեսթեր Սիթին» Բալոտելիի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր: Իտալական ակումբը համաձայնել է վաճառել իր ռմբարկուին 28 միլիոն եվրոյով, հաղորդում է Sky Sports-ը: Իտալական լրատվամիջոցների համաձայն, Բալոտելիի աշխատավարձը կկազմի տարեկան 3,5 միլիոն եվրո:

20-ամյա Բալոտելին «Ինտերի» կազմում անցկացրել է 73 հանդիպում, խփել 22 գնդակ եւ կատարել 12 գոլային փոխանցում: Անցած մրցաշրջանում նա մի քանի անգամ կոնֆլիկտ ունեցավ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այժմ պորտուգալացի մասնագետը «Ռեալում» է, իսկ «Ինտերը» գլխավորեց Ռաֆա Բենիտեսը:

2010թ. օգոստոսի 10-ին Բալոտելին առաջին անգամ հանդես եկավ Իտալիայի ազգային հավաքականում: Կոտ դ’Իվուարի հետ ընկերական խաղում իտալացիները պարտվեցին 0:1 հաշվով:

Այս ամառ «Մանչեսթեր Սիթին» արդեն հինգերորդ խոշոր ձեռքբերումը կատարեց: Բալոտելիից առաջ ակումբը գնել էր նաեւ իսպանացի Դավիդ Սիլվային, իվուարցի Յայա Տուրեին, սերբ Ալեքսանդր Կոլարին եւ Գերմանիայի հավաքականի խաղացող Ջերոմ Բոատենգին: