Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում Ազգային ժողովին է ներկայացնելու իր ամփոփիչ եզրակացությունը:
Հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, թե զեկույցն ամփոփման փուլում է եւ, թերեւս, կհրապարակվի սեպտեմբերի 14-ից 17-ը: Այնուամենայնիվ, Նիկոյանը հայտարարել է, թե «մութ են մնում մահվան մի շարք հանգամանքներ», եւ չեն գտել այն հարցի պատասխանը, թե «կոնկրետ ում գործողությունների հետեւանքով են մարդիկ զոհվել»:
Հիշեցնենք, որ փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին երեք զեկույց են ներկայացրել եւ պատրաստվում են ներկայացնել չորրորդը՝ փաստեր հրապարակելով 10 զոհերից 5-ի մահվան հանգամանքների առնչությամբ: Սեդա Սաֆարյանը NEWS.am-ին հայտնել էր, թե ժամանակավոր հանձնաժողովը իրենց ներկայացրած փաստերի ուսումնասիրություն չի կատարում: Նիկոյանը, սակայն, հայտարարել է, թե Քոչարյանի եւ Սաֆարյանի տրամադրած տվյալները հանձնաժողովում ուսումնասիրվում են, սակայն ամբողջությամբ չեն ներառվելու վերջնական եզրակացության մեջ:




























