Ստրասբուրգի բժշկական հետազոտական հաստատությունում նացիստների զոհերի մնացորդներ են հայտնաբերվել: Ըստ Associated Press-ի, գազախցիկներում մարդկանց սպանելուց հետո նրանց մնացորդները փոխանցում էին այս հաստատությանը՝ փորձերի համար:
Այս մասին հայտնի է դարձել հետազոտողի գտածոյի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի նամակի շնորհիվ, որում Ստրասբուրգի բժշկական ինստիտուտի տնօրենը հաղորդում է նացիստ Աուգուստ Հիրտի կողմից անցկացվող փորձերի մասին: Նամակում նշվում է նաեւ գազախցիկներում սպանված հրեաների հյուսվածքների նմուշների պահոցի մասին: Դրանք ստեղծվել են հատուկ Հիրտի գիտափորձերի համար:
Ըստ Gazeta-ի, Ստրասբուրգի քաղաքապետարանում նշել են, որ մասունքները վերադարձնելու են Ստրասբուրգի հրեական համայնքին՝ հուղարկավորելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օսկար Գրոունինգը, որն աշխատել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում եւ հայտնի է որպես «Օսվենցիմի հաշվապահ», դատապարտվել է 300 հազար մարդու սպանությանը մասնակցության համար:





























